National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
12.06.2008
Ավարտվեց ԱԺ գարնանային նստաշրջանը

Ազգային ժողովի հունիսի 12-ի նիստում շարունակվեցին «2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագծի քննարկումները:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Վիկտոր Դալլաքյանը նկատեց, որ բուռն քննարկումների ընթացքում պատգամավորներին մտահոգող բոլոր առաջարկները միտված էին հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Նա կարեւորեց որոշման նախագծում միջազգային փորձագետների եւ արտախորհրդարանական ուժերի հրավեր նախատեսող դրույթի ամրագրումը: Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ բոլոր առաջարկները կքննարկվեն եւ առաջարկեց հարցի վերաբերյալ քվեարկությունը հետաձգել մինչեւ ԱԺ արտահերթ նստաշրջանը` այս ընթացքը եւս օգտագործելու ստացված առաջարկները ուսումնասիրելու եւ նախագիծը հնարավորինս բարելավելու համար: 

Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության նախագիծը` արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանի ներկայացմամբ: Օրինագծի ընդունման նպատակը դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողի վարքագծի կանոններ սահմանելն է, որը, ըստ փոխնախարարի,  կնպաստի հարկադիր կատարողի կողմից ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը:

«Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության նախագիծը եւս ներկայացրեց արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը` տեղեկացնելով, որ նախագծի ընդունումը պայմանավորված է օրենքում ճշգրտումներ կատարելու անհրաժեշտությամբ:

Քննարկվող երկու նախագծերի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը տվել էր դրական եզրակացություն:

ԱԺ պատգամավորներ Հրայր Կարապետյանի, Արա Նռանյանի, Արծվիկ Մինասյանի, Լիլիթ Գալստյանի, Միքայել Մանուկյանի հեղինակած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրինագիծը ներկայացրեց Արծվիկ Մինասյանը:

 «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում առաջարկվում է ներառել իրավական ակտերի ու պայմանագրերի փորձաքննության վերաբերյալ նոր հոդված, որը որպես գործառույթ նշված է հանձնաժողովի լիազորություններում, սակայն օրենքում բացակայում է այդ դրույթի իրագործման մեխանիզմը, որը նպատակաուղղված է նաեւ հսկողություն իրականացնել ՀՀ Սահմանադրության 33.1 հոդվածի կատարման նկատմամբ:

Օրենքում առաջարկվում է վերականգնել շահագրգիռ անձերի` նիստերին մասնակցելու իրավունքը, ինչը բխում է ՀՀ Սահմանադրության ու «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի պահանջներից:

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանը նշեց, որ նախագծում ներկայացվում են մեխանիզմներ, թե ինչպես պետք է հանձնաժողովն իրականացնի փորձաքննություն: Նա համոզված է, որ նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն հստակեցնել իրավական դաշտը: Օրենսդրական նախաձեռնությունն արժանացել էր հանձնաժողովի դրական եզրակացությանը:

ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը գտնում է, որ պետք է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին լիազորություններ տալ եւ միաժամանակ քայլեր կատարել, որպեսզի չոտնահարվեն տնտեսվարող սուբյեկտների շահերը: Ըստ նրա` մենաշնորհային դիրքի չարաշահում կա հայաստանյան շուկայում. երբ միջազգային շուկայում որոշակի ապրանքների գնանկում է կատարվում, մեր շուկայում հակառակ գործընթացն է նկատվում` գների աճ կա: ԱԺ փոխնախագահը գտնում է, որ պատճառներից մեկն էլ օրենսդրական բացն է, որը պետք է լրացնել: Պարոն Կարապետյանը համոզված է, որ անբարեխիղճ մրցակցության գործոնը ազդում է շուկայի վրա եւ հակասում կոալիցիայի որդեգրած սկզբունքներին: Նրա կարծիքով` օրենքի առաջ պետք է բոլորը հավասար լինեն: Հրայր Կարապետյանն ընդգծեց, որ ՀՅԴ-ն շարունակելու է այս ոլորտում օրենսդրական բացը լրացնելու քաղաքականությունը:
 
Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում բոլոր առաջարկները կընդունվեն ու կքննարկվեն:

Կառավարության հեղինակած «ՀՀ  բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը: ործող օրենքով նախատեսվում է պետբյուջեի արտարժույթային մուտքերի եւ ծախսերի հաշվարկման փոխարժեք դիտարկել պետական բյուջեի նախագիծը կառավարություն ներկայացնելու օրվան նախորդող օրը արտարժութային շուկայում ձեւավորված դրամի միջին փոխարժեքը: Այս ձեւակերպումը, ըստ պարոն Սաֆարյանի, գործադիրի աշխատանքում որոշակի դժվարություններ է ստեղծում` ՀՀ պետական բյուջեի նախագծի կազմումը տեւական գործընթաց է եւ գործնականում հնարավոր չէ  վերահաշվարկել եւ ամփոփել կառավարություն ներկայացնելու օրվան նախորդող օրը: Հաշվի առնելով, որ ՀՀ պետական բյուջեի նախագիծը մինչեւ ՀՀ կառավարության հավանությանն արժանանալը լիազորված մարմնի կողմից ՀՀ կառավարություն կարող է ներկայացվել մի քանի անգամ, ուստի օրենքի այդ դրույթի գործնական կիրառումը հնարավոր դարձնելու նպատակով առաջարկվում է բյուջեի նախագծի հաշվարկներում կիրառել ոչ թե պետական բյուջեի նախագիծը լիազոր մարմնի կողմից կառավարություն ներկայացնելու օրվան նախորդող օրվա, այլ պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողով ներկայացնելու ամսվա առաջին օրը ՀՀ արտարժութային շուկայում ձեւավորված համապատասխան արտարժույթների նկատմամբ ՀՀ դրամի միջին փոխարժեքը, իսկ եթե այդ օրվա դրամի միջին փոխարժեքի կիրառմամբ տվյալ ժամկետում արտարժութային մուտքերի եւ ելքերի նշված հաշվարկը կատարել հնարավոր չէ` այդ ամսվան նախորդող ամսվա առաջին օրը շուկայում ձեւավորված համապատասխան արտարժույթների նկատմամբ ՀՀ դրամի միջին փոխարժեքը:

ԱԺ ‎ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանը` նշելով, որ փոփոխությունը հստակեցման նպատակ ունի, քանի որ գործող օրենքի ձեւակերպումը խնդրահարույց է եւ կառավարության, եւ խորհրդարանի, եւ հանրության համար:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը` առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանի ներկայացմամբ:

ԱԺ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանի, Խաչիկ Պետրոսյանի, Հովհաննես Մարգարյանի, Արծրունի Աղաջանյանի հեղինակած «Մեղվաբուծության մասին» օրինագիծը խորհրդարանին ներկայացրեց Վիկտոր Դալլաքյանը:  Օրինագծում ներառվել են կառավարության 40 առաջարկները, մշակելիս ուսումնասիրվել է եվրոպական եւ ԱՊՀ երկրների այս ոլորտի օրենսդրական դաշտը: Ըստ պարոն Դալլաքյանի` օրինագիծը կարգավորում է մեղվաբուծության համակարգի կառավարման, մեղվաբուծական մթերքների արտադրության եւ օգտագործման հարաբերությունները, սահմանում է Հայաստանում մեղրատու մեղուների բուծման, խնամքի, գյուղատնտեսական էնտոմոֆիլ բույսերի փոշոտման համար այդ մեղուների օգտագործման, մեղվաբուծական մթերքների ստացման, մեղրատու մեղուների  պահպանման եւ անասնաբուժական սպասարկման ապահովմանն ուղղված գործունեության իրավական հիմքերը:

Օրինագիծն արժանացել էր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանը, կարեւորելով օրինագծի ընդունումը, անդրադարձավ մեղրի իրացման խնդիրներին, ոլորտի օրենսդրական կարգավորման անհրաժեշտությանը:

Պատգամավորներ Արմեն Աշոտյանի եւ Կարեն Ավագյանի ներկայացրած «ՀՀ դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը ներկայացրեց Արմեն Աշոտյանը: Նա ընդգծեց, որ 2006 թ. ԱԺ-ի ընդունած «ՀՀ դրոշի մասին» օրենքի կարգավորումից դուրս է մնացել Հայաստանի տարածքում ՀՀ դրոշի գործածումը այլ դրոշների, մասնավորապես, միջազգային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ կազմակերպությունների (քաղաքական կուսակցությունների, բիզնես-կառույցների եւ այլն) հետ, ուստի օրինագծով փորձ է արվում լրացնել օրենսդրական բացը:

Ազգային ժողովի գարնանային նստաշրջանը, սպառելով հարցերը, ավարտեց աշխատանքները:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am